Պատմություն

Երևանի Գ.Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1986 թվականին: Նորակառույց սովետական դպրոցն ավանդական ձևաչափով իր դռներն էր բացել հարյուրավոր աշակերտների առջև: Դպրոցի առաջին տնօրենն է եղել Սամվել Նշանի Ղազարյանը, ում պաշտոնավարման 14 տարիների ընթացքում դպրոցն ունեցել է հայերեն և ռուսերեն լեզուներով ուսուցմամբ թվով 1600 աշակերտների հզոր բանակ, երկհերթ ուսումնական գործընթաց, 137 մանկավարժներից ձևավորված ամրակուռ կոլեկտիվ: 2000-2001 ուս.տարում դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնեց Լուսիկ Վահանի Սարգսյանը: 2002 թվականի մայիսի 6-ին դպրոցն անվանակոչվեց ֆիդայական շարժման ազատամարտիկ Գևորգ Չաուշի անունով: Չափազանց պարտավորեցնող էր անվանակոչումը թե՛ դպրոցի սաների, և թե մանկավարժական համակազմի համար: Բարձր հիմքերի վրա դրվեց հայրենասիրական դաստիարակությունն ու բարոյական արժեքների ձևավորումը: Ավանդական դարձան աշակերտների այցելությունները Չաուշի հուշարձանին, որտեղից նրանք վերադառնում են կարծես ավելի իմաստնացած և հայրենասերի ավյունով:

2011 թվականից   դպրոցը  ղեկավարում  է  Վարդիթեր Սեդրակի  Խաչատրյանը:  Աշխատանքային գործունեության առաջին իսկ օրվանից Վ.Խաչատրյանը  ձեռնամուխ եղավ դպրոցաշինության նվիրական ու անձնվեր գործին. դասասենյակների կահավորում և համալրում,  ուսումնամեթոդական օժանդակության ապահովում, նիստերի դահլիճի  ձևավորում, աշակերտների ուսումնադաստիարակչական կրթության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում  և  բազմաթիվ այլ աշխատանքներ: Ահա  այս  ամենի հանրագումարը դպրոցում սովորողների թվի կրկնապատկումն է՝  շուրջ  800  աշակերտ,  որն,  անխոս,  առավել  քան պարտադրող  է   էլ ավելի արդյունավետ և ազգանվեր դպրոցաշինության   աշխատանքի շարունակության:

Արարելու, ստեղծելու, նորին ձգտելու և փնտրելու մարդկային ունակությամբ են օժտված դպրոցի մանկավարժները, որի առհավատչյան դպրոցի այն շրջանավարտներն են, որոնցից շատերն իրենց ուսումը շարունակել են եվրոպական բարձրակարգ բուհերում, ոմանք դարձել են հայտնի բժիշկներ, մանկավարժներ, հմուտ մասնագետներ, հասարակությանը պիտանի մարդիկ: Եվ այսօր էլ դպրոցի սաներն ունեն    հնարավորություններ իրենց ուսումը կազմակերպելու այնպիսի կրթօջախում, որն ապահովում է իրականացնելու դասավանդման և ուսուցման նոր մեթոդները, որն ավելի է բարձրացնում կրթության որակը և թելադրում քայլելու ժամանակին համընթաց: